Հայաստանում արժե ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն

Հայաստանի համար առավել տրամաբանական կլիներ կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՄԱԳԱՏԷ-ի Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը World Atomic Week միջազգային համաժողովի շրջանակում։

«Հայաստանին ատոմակայան է պետք, և տրամաբանական է գոյություն ունեցողին փոխարինելու համար կառուցել ռուսական նախագծով նոր բլոկ։ Դա միանգամայն տրամաբանական է։ Բայց մենք տեսնում ենք, որ տրամաբանությունը միշտ չէ, որ գործում է վերջին տարիներին, և գերակշռում են քաղաքական որոշումները», — ասել է Չուդակովը:

Որպես օրինակ նա բերել է իրավիճակը Արևելյան Եվրոպայում։

«Բլոկներ են դրվում ընդհանրապես չփորձարկված, թղթի վրա նկարված։ Եվ չկան փորձնական ծրագրեր: Բայց դրանք գնում են միայն նրա համար, որ չգնեն ռուսական նախագիծ, որը փորձարկված է, հուսալի, իրեն լավ է դրսևորել և լավ է աշխատում», — նշել է Չուդակովը։

Leave a Comment