Կասպյան բիզնես-ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP-ը դառնալու է Միջին միջանցքի հաջորդ կարևորագույն հատվածը, ծառայելու է որպես առանցքային տրանսպորտային օղակ, կապելու է Ասիան և Եվրոպան, ընդլայնելու է միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորությունները և նպաստելու է տարածաշրջանի երկրների բարգավաճմանը։
Այս մասին նա խոսել է «Միջին միջանցքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» թեմայով կոնֆերանսին՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրին, որը հիմք է դարձել «Թրամփի երթուղու՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի ստեղծմանը։
Ալիևի խոսքով՝ TRIPP-ն զգալի ներուժ ունի էներգակիրների տեղափոխման, էլեկտրաէներգիայի (այդ թվում՝ վերականգնվող աղբյուրներից ստացված) արտահանման, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծերի կառուցման համար, ինչը կդարձնի տարածաշրջանը միջազգային առևտրի և թվային հաղորդակցության հանգույց։
«Միջին միջանցքը ռազմավարական նախագիծ է, որն ընդգրկում է լայն աշխարհագրություն։ Այն ապահովում է հուսալի և անվտանգ ուղի, որը կապում է Եվրոպան և Ասիան Կասպից ծովով և ծառայում է որպես Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխման կարճագույն և ամենաօպտիմալ ճանապարհ։ Ադրբեջանը կենտրոնացրել է բոլոր ջանքերը՝ այս երթուղու շուտափույթ իրագործումը ապահովելու համար»,- նշել է նա։
Ալիևն ընդգծել է, որ Միջին միջանցքի երկայնքով տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կատարվել են մեծ ներդրումներ, այդ թվում՝ ծովային նավահանգիստ, նավաշինարան, երկաթուղիներ և այլ լոգիստիկ օբյեկտներ։
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստը, Կասպյան բեռնատար նավատորմը կազմում են հիմնական ենթակառուցվածքները, որոնք ապահովում են Միջին միջանցքի անխափան գործառույթը»,- հավելել է նա։
Ալիևի խոսքով՝ Միջին միջանցքը դիտարկվում է որպես տարածաշրջանային տնտեսական աճի և ինտեգրման հզոր խթանիչ, ենթակառուցվածքների, արդյունաբերության և բիզնեսի զարգացման, ինչպես նաև կայունության ու բարգավաճման ամրապնդման հիմնական գործոն։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
