«ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանությունը և նրա ընկերոջ գնդակահարությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանական համակարգը, ներառյալ ՆԳՆ-ն, ոստիկանությունը և ԱԱԾ-ն, չեն ծառայում ժողովրդի շահերին։
Միևնույն ժամանակ՝ մենք տեսել ենք, որ խաղաղ ցույցերի բռնաճնշման և ապօրինի ձերբակալությունների գործում այդ նույն կառույցները երբեք չեն ձախողվել։ Երբ ժողովուրդը պահանջել է արդարություն, ոստիկանությունը և ԱԱԾ-ն գործել են անմիջապես ու կոշտորեն։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքի պաշտպանությանը՝ նրանք լռում են և թաքնվում։
Այսօր Հայաստանում հանցագործությունների մակարդակը մեզ դասում է հետամնաց երկրների շարքը։ Սպանությունները դարձել են առօրյա, և քաղաքացիներն այլևս վստահ չեն, որ կվերադառնան տուն։ Սա՞ է Փաշինյանի գովազդած «ժողովրդավարության բաստիոնը»։ Սա՞ է նրա խոստացած «Չորրորդ Հանրապետությունը»։ Եթե այո, ապա այդ բաստիոնը փլատակ է, իսկ հանրապետությունը՝ անպատժելիության ու բռնության միջավայր։
«ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը հայտարարում է․
ՆԳՆ նախարարն ու ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը պետք է անմիջապես հրաժարական տան, քանի որ չեն պաշտպանում ժողովրդի կյանքն ու անվտանգությունը։
ԱԱԾ տնօրենը, որը զբաղված է խաղաղ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով, բայց աչք է փակում երկրի ներսում կատարվող հանցագործությունների վրա, պետք է հեռանա պաշտոնից։
Մեր ժողովուրդը հարկերով չի պարտավոր պահել մի համակարգ, որը ծառայում է իշխանության աթոռին, այլ ոչ թե քաղաքացիների անվտանգությանը։
Մենք վճարում ենք հարկեր ոչ թե մեր համայնքապետերի դիակները տեսնելու, ոչ թե սպանված քաղաքացիների ու անպատժելիության շքերթ դիտելու համար, այլ ապահովված և պաշտպանված լինելու համար։
Հայաստանի ժողովուրդը պահանջում է․ անվտանգության պատասխանատուները, որոնք ձախողել են իրենց պարտականությունները, թողնեն իրենց պաշտոնները և պատասխան տան հասարակության առաջ։
Հարգանքներով,
«ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչություն