«Հրապարակ» թերթը գրում է.
«2021 թվականից Երեւանում պարեկային ծառայությունն իրականացվում է չեխական արտադրության Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներով, որոնք շահագործման առաջին իսկ օրվանից խնդիրներ էին առաջացրել, քանի որ լրացուցիչ ոստիկանական սարքավորումներն այդ մեքենաներում առկա չէին, եւ դա ինքնին սխալ գնում էր եղել։ Մյուս մարզերում ոստիկանությունը ստիպված եղավ անցնել Toyota-ների, որոնք ձեռք են բերում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն պատկանող ավտոսրահից։ Շիրակում ու Լոռիում Toyota RAV4 մակնիշի քրոսովերներով են այժմ իրականացնում պարեկային ծառայությունը։ Իսկ մյուս մարզերի համար Toyota Furtuner ամենագնացներ են ձեռք բերել, որոնք դասով եւ հնարավորություններով ավելի բարձր են RAV4-ից։ Toyota Furtuner-ները «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահի տարածքում մինչ վաճառվելը ներկվել են, որպեսզի բոլորը միատեսակ՝ սեւ գույն ունենան։
Մարզերում ի սկզբանե մեքենաները եղել են սեւ գույնի, Երեւանում՝ Skoda Octavia-ները՝ սպիտակ, որոշ ժամանակ անց նկատեցինք, որ Երեւանում սպիտակ գույնի մեքենա չի մնացել։ Այսինքն, մեքենաների գույնը փոխել են: Ինչո՞ւ է որոշել նախարարությունը գունափոխել մեքենաները, ինչո՞ւ ի սկզբանե սեւ գույնի մեքենաներ ձեռք չեն բերվել, ո՞ր ընկերության մոտ է գունափոխման գործընթացը տեղի ունեցել, որքա՞ն գումար է ծախսվել, եւ քանի՞ մեքենա է գունափոխվել․ այս հարցերով գրավոր դիմել էինք ներքին գործերի նախարարություն։
Ահա, ստացել ենք մեր հարցերի պատասխանները․ «2021 թվականին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ներդրմամբ, ձեռք են բերվել «Շկոդա Օկտավիա» մակնիշի տրանսպորտային միջոցներ՝ սպիտակ գույնի։ Հետագայում ավտոպարկը համալրվել է VOLVO EX 40 մակնիշի սեւ գույնի մեքենաներով։ Հաշվի առնելով, որ Պարեկային ծառայության մարզային գումարտակներին ամրակցված տրանսպորտային միջոցները նույնպես սեւ գույնի են, քննարկումների արդյունքում ընդունվել է որոշում՝ Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդին ամրակցված «Շկոդա Օկտավիա» մեքենաները ներկել սեւ գույնով՝ բոլոր ավտոմեքենաների գույնի միասնականություն ապահովելու նպատակով»։
Մեքենաների գունափոխումը, պարզվում է, բավականին թանկ հաճույք է, բայց այս իշխանությունը փող չի խնայում նման անկարեւոր բաների վրա:
Ըստ նախարարության՝ մեկ մեքենայի գունափոխման համար հատկացվել է 150 հազար դրամ, ընդհանուր 37 մեքենայի գույն է փոխվել: «Մինչ օրս գունափոխվել է 37 միավոր տրանսպորտային միջոց, որոնց գունափոխման համար ծախսվել է 5․550․000 ՀՀ դրամ գումար»։ «Հրատապությունից ելնելով տրանսպորտային միջոցների գունափոխման աշխատանքների մի մասը կատարվել է ՀՀ ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունում «Ջի ընդ Էյ Մոթորս» ՍՊԸ-ում (ձեռք բերված պայմանագրի շրջանակներում), իսկ մյուս մասի ներկման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՆԳՆ ՏՎ ԱՏԲ-ում»,- նշել են նախարարությունից։
Ի՞նչ է ստացվում, որ մեքենայի գունափոխումը ՆԳՆ-ի համար գերկարեւոր եւ հրատապ հարց է, իսկ իրականում պետք է հրատապ լիներ երկրում կրիմինալ իրավիճակը․ գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների, կրակոցների, ինքնասպանությունների մասին` չհաշված ճանապարհային ողբերգական վթարները, թմրամիջոցների կիրառումը եւ այլն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում