«Շուտով կստանանք Ծաղրածուների, Սպառողների, Հաճախորդների նոր խմբաքանակ»․ Վարդան Բալյան

«Շուտով կստանանք Ծաղրածուների, Սպառողների, Հաճախորդների նոր խմբաքանակ»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «2026 թվականի նախընտրական ընտրարշավը փաստացի արդեն մեկնարկել է, ինչը, կարծում եմ, տեսանելի է արդեն շատերին: Իշխանական և ընդդիմադիր ճամբարներում հստակ դիտարկելի են որոշակի դիրքավորումներ, որոնք կարելի է ասել կանխորոշիչ են լինելու հիմնական թիմերի ընտրական ռազմավարության ու մարտավարության տեսանկյունից:
Հետաքրքիր փոփոխության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կերպարը, որ վերջանակապես տեղավորվել է կառավարչի, տիրակալի արխետիպում: Խոստովանեմ, որ ՔՊԿ-ի քաղտեխնոլոգների թիմը բավականին գրագետ է գործում՝ չնայած այս լուծումը միանգամայն կանխատեսելի էր և, ըստ էության, միակ արդյունավետ ընտրությունը հնարավոր տարբերակներից:
Սամվել Կարապետյանի համար կերտվում է Հովանավորի և Հրաշագործի արխետիպերի համադրումով ընդհանրական կերպար, որ ասոցացվում է ծառայության՝ ժողովրդին, ազգին, պետությանը, և ուժի հետ: Հատկանշական է, որ Կարապետյանի քաղտեխնոլոգների թիմը ակնհայտորեն դեռ փնտրտուքի մեջ է, որովհետև ձևավորվող կերպարում տեսանելի են նաև Անմեղի, Հերոսի և մի քանի այլ արխետիպերի հատկանիշներ: Չի բացառվում, որ այս մոտեցումը գիտակցված ու հաշվարկված քայլ է, որի նպատակն է պոտենցիալ ընտրազանգվածին ներգրավել վերջնական կերպարի ձևավորմանը:
Էական տրանսֆորմացիայի է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որ 2021 թվականին Հերոսի ու Կառավարչի համադրումով էր ներկայանում: Առիթ ունեցել եմ այդ ժամանակ ասելու, որ քաղտեխնոլոգների թիմի այդ որոշումը նպաստեց երկրորդ նախագահի էլեկտորալ արդյունքին ընդդիմության դաշտում առաջատար դառնալու առումով, բայց և արգելափակեց էլեկտորալ հաղթանակի բոլոր տեսական կամ գործնական հնարավորությունները: Հնարավոր է, քաղտեխնոլոգների թիմը սխալվեց այդ ժամանակ, բայց կասկածում եմ, որ Քոչարյանի նման քաղաքական փորձառություն ունեցող անձը կարող էր իր շտաբում ծառայության վերցնել այդպիսի մասնագետների: Չի կարելի բացառել, իհարկե, որ այդ մասնագետներին նրան նվիրել էին, և այդ նվերը հրաժարվելը խնդրահարույց է եղել կամ անհնար:
Տեր-Պետրոսյանի ու նրան շրջապատող ուժերի մոտ պահպանվել է Գիտնականի և Իմաստունի համադիր կերպարը, որ հիմա փորձում է համեմվել մասամբ Պայքարողի, մասամբ Անմեղի, մասամբ Հովանավորի և մի քանի արխետիպերին բնորոշող որոշակի գծերով: Կարծում եմ, առաջին նախագահին սպասարկող քաղտեխնոլոգների համար, հաշվի առնելով նրանց մասնագիտական որակները նաև, համարյա անհնարին է լինելու վերափոխել Տեր-Պետրոսյանի կերպարը և էլեկտորալ տեսանկյունից ավելի գրավիչ դարձնել: Ու սա, ի դեպ, ոչ թե կամ ոչ այնքան առաջին նախագահի անձի առանձնահատկություններով է պայմանավորված, որքան նրա նախընտրական թիմի աշխատանքի հնացած մեթոդներով:
Նմանատիպ սխալ տեսանելի է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում, որին փորձում են ներկայացնել Հովանավորի և Իմաստունի արխետիպերի համադիր կերպարով՝ չնայած առնվազն 2021 թվականի ընտրական փորձից պետք է տեսանելի լիներ, որ ընտրազանգվածի բացարձակ մեծամասնության համար Սարգսյանի նման կերպարը ընկալելի և գրավիչ չէ: Այդուհանդերձ, թիմակից քաղտեխնոլոգները շարունակում են նույն քառոտանի կենդանիների կառքով երթևեկել և արդեն տևական ժամանակ է, որ երրորդ նախագհի կերպարը փորձում են որոշակիորեն թարմացնել կամ նորացնել Անմեղի արխետիպի հաշվին: Ակնհայտ է, որ այս քաղտեխնոլոգները երրորդ նախագահից պոկվողը չեն կամ էլ նրան դուր են գալիս իրեն կպած այդ մասնագետները:
Համարյա թե վստահ եմ, որ շուտով կստանանք Ծաղրածուների, Սպառողների, Հաճախորդների նոր խմբաքանակ, արդեն հայտնվել են Սիրահարի հավակնությամբ մի քանի՝ իրենց նոր հռչակած ուժեր, որոնց մասին կխոսեմ հաջորդ գրառման ժամանակ»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան

Leave a Comment