ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- ասվում է կարգադրության մեջ:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախություն ձեռք բերելու գործընթացը համեմատել էր «գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելու հետ»։
Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։
