Երևանում կրակոցներ են հնչել. կրակողը խոստովանել է, որ գինովցած է եղել

Կրակողի մոտ ոստիկանները հայտնաբերում են ատրճանակ, որի փամփշտատուփում լինում է մի քանի փամփուշտ


ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի 19 հասցեի մոտ կրակոցներ են հնչել: 


Կայքի տեղեկացմամբ, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները և պարզել, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և խուլիգանություն կատարած անձինք Երևանի բնակիչներ 43-ամյա Ն. Գ.-ն է և 45-ամյա Ա. Հ.-ն:  


Ժամերի ընթացքում նշված անձինք քրեական և համայնքային ոստիկանների կողմից Կոմիտասի պողոտայում հայտնաբերվում, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Երևանի քրեական վարչություն: 


 Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com -ը, տեղում Ն. Գ.-ի մոտ հայտնաբերվում է ատրճանակ, որի փամփշտատուփում լինում է մի քանի փամփուշտ, իսկ արդեն փաստերի ճնշման տակ նա հայտնում է, որ Ադոնցի փողոցում առանց որևէ մեկի հետ վիճաբանելու, գինովցած լինելով, ինքը կրակոց է արձակել:  


Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք, ինչպես նաև նշված անձինք ու հանցագործության գործիք ատրճանակը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment