Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ իր երկիրը մեծ հնարավորություններ է տեսնում Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար։ Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր պատմական շրջափուլի նախաշեմին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ստորագրված խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում»,- նշել է նա։
Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել Հայաստանի միջով 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։
«Խոսքը միայն Ադրբեջանի երկու հատվածների վերամիավորման մասին չէ, այլև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
