«Մեր ձևով» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել՝ ամբողջ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու, նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ԱԱԾ մեկուսարանից հայտնել է շարժման նախաձեռնող, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Սեպտեմբերի 22-ի իր ուղերձում Կարապետյանը հավելել է, որ արդեն շուրջ 20 տարի է, ինչ տարբեր առիթներով ու տարբեր ճանապարհներով աջակցում է տաղանդավոր հայ երիտասարդներին։
«Աջակցության ոլորտները տարբեր են՝ երաժշտություն, սպորտ, գիտություն, կինո, այլ արվեստներ։ Ու որքան էլ հաջողության պատմությունները շատ լինեն, միևնույն է, այս կարևոր գործը պատիվ եմ համարելու ու չեմ դադարեցնելու աջակցությունը երբեք: Չկա կյանքի մի ոլորտ, ուր հայերն աչքի ընկած չլինեն իրենց շնորհքով։ Սա իրական ու մեծ հարստություն է, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել»,- շեշտել է նա։
Կարապետյանը միևնույն ժամանակ անդրադարձել է օրվա իշխանություններին՝ ընդգծելով նրանց հեռացնելու ու երկրի համբավը վերադարձնելու կարևորության մասին։
«Վերջապես փոքրիկ խմբակը հայ ժողովրդին էլ ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը։ Չեմ կասկածում, որ ամպագորգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ»,- նշել է գործարարը։
Նրա խոսքով՝ «հայ ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ այն հայրենակիցները, ում ամբողջ աշխարհը ճանաչում է Աստվածատուր տաղանդի շնորհիվ»։
«Անելու ենք՝ մեր ձևով»,- եզրափակել է նա։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը, սեպտեմբերի 8-ին մերժել էր գործարարի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
