Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՆԻՖ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, որ Հայաստանի նախկկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին եւ ասում են նաեւ՝ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է, քննադատել է Նիկոլ Փաշինյանին:
«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը», գրել է Դավիթ Փափազյանը:
Սա իհարկե շատ ուշագրավ, եւ հնարավոր է բավականին բազմաշերտ մոտիվներ ունեցող գրառում է, որտեղ Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են:
Ի դեպ, աստեղ գուցե ավելորդ չէ հիշեցնել մի բան, որ Դավիթ Փափազյանը վերջերս հայտնվեց Գազայի հետ կապված աղմկոտ պատմության մեջ:
Հետքը օգոստոսին գրել էր, որ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:
Ըստ այդ տեղեկության, իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:
Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:
Սեպտեմբերի 5-ին եղավ տեղեկություն, որ Քննչական կոմիտեն հանձնարարել է Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Արդյո՞ք այս հանգամանքն է, որ Փափազյանին «հանել» է Փաշինյանի դեմ, թե՞ այս հանգամանքը այն է, ինչ օգտագործվում է, իսկ դրա ներքո առկա են ավելի լայն եւ խորը քաղաքական մոտիվներ: Այլ կերպ ասած՝ Փափազյանն այս դեպքում զինվորն է, իսկ ֆուգուրները՝ այլք:
Համենայն դեպս կարող է լինել նախընտրական Հայաստանի շատ հետաքրքիր մի շերտ»: