Հայաստանում 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցություն են ունենալու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը 100 տոկոսով ինքնիշխան երկիր չէ, որ միայն իր հասարակությունն ազդի իշխանության ձևավորման գործընթացի վրա։
«Հայաստանը գտնվում է Անդրկովկասի մի տարածքում, որը մի մեծ միջանցքի մաս է կազմում, այդ մեծ տարածքը գտնվում է գլոբալիստների հսկողության տակ։ Իրենք են կառուցում մի մեծ միջանցք, որը սկսվում է Ուկրաինայից՝ Սև ծով ու Անդրկովկաս, Կասպից ծով՝ Կենտրոնական Ասիա», – ասաց Բադալյանը։
Գլոբալիստների թիրախը, ըստ Բադալյանի, ՌԴ-ն է, այսինքն՝ ցանկանում են այս տարածաշրջանում ունենալ հակառուսական, ինչու ոչ` հակաիրանական տրամադրություններ։
Արմեն Բադալյանը նկատեց, որ թեև ընտրություններից 9 ամիս կա, նախընտրական գործընթացներն արդեն սկսվել են, սակայն այս պահին վաղ է վերջնական պատասխան տալ, թե ինչպիսի արդյունք կունենա Հայաստանի քաղաքական դասավորությունը։
«2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պայքարում հիմնական դերակատարները երեքն են։ Այդ ուժերն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական միավորումը և «Հայաստան» դաշինքը, որն ապագայում կարող է էապես փոխվել»,- նշեց Բադալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։