Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով Ղրիմում կան զոհեր

Սեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել Ղրիմի ուղղությամբ։ Ռուսական իշխանությունների վերջին տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, ևս 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ անօդաչուները, որոնք զինված են եղել «ֆուգասային մարտալիցքերով», առափնյա շրջանում հարձակում են իրականացրել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

Ինչպես նշել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, «Ֆորոս» առողջարանի տարածքում վնասվել է մի քանի օբյեկտ, ինչպես նաև դպրոցներից մեկի շենքը։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական տարածքների և Ղրիմի երկնքում խոցվել է ուկրաինական 114 անօդաչու, որից 25-ը Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքներում, 19-ը՝ Բելգորոդի մարզի, իսկ 13-ն էլ՝ Աստրախանի մարզում։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել Ղրիմի ուղղությամբ հարձակումը։

Լուսանկարը՝ արխիվային/Getty Images



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment