Ղազախստանում երաժշտական ​​մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ամենաբարձր՝ 10 միավոր են տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանում ավարտվել է «Silk Way Star» երաժշտական մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Kazinform-ի հաղորդմամբ՝ 12 մասնակիցներից յուրաքանչյուրն առաջին փուլում մայրենի լեզվով երգ է կատարել։

Առաջին փուլի եզակի առանձնահատկությունը եղել է այն, որ ոչ մի մասնակից չի լքել նախագիծը. բոլոր մասնակիցները կշարունակեն պայքարել հաղթանակի համար։

Ժյուրիի որոշմամբ՝ մալայզիացի երգչուհի Յազմին Ազիզը զբաղեցնում է առաջին տեղը՝ 126 միավորով։ Ուզբեկստանցի երգչուհի Մադինաբոնու Ադիլովան երկրորդն է՝ 122 միավորով։ Երրորդ և չորրորդ տեղերում են, համապատասխանաբար, Թուրքմենստանից Դովրան Շամմիևը և Վրաստանից Ավթանդիլ Աբեսլամիձեն՝ 120-ական միավորով։

Caucasus chronicle տելեգրամ ալիքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մրցույթում Հայատանն ու Ադրբեջանը միմյանց ամենաբարձր՝ 10 միավոր են տվել։ Ադրբեջանից ժյուրիի անդամ Էֆենդին Հայաստանի մասնակից Սարո Գևորգյանին 10 միավոր է տվել։ Նույն կերպ է վարվել նաև Հայաստանից ժյուրիի անդամ Վրեժ Կիրակոսյանը՝ 10 միավոր տալով ադրբեջանցի մասնակից Սաբինա Զադեին։

«Silk Way Star» միջազգային նախագիծը բաղկացած է 10 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է ավելի քան 100 րոպե։ Այն հեռարձակվում է երեք լեզվով՝ ղազախերեն, չինարեն և անգլերեն։

Մեծ եզրափակիչ շոուն տեղի  է ունենալու նոյեմբերի 22-ին։ Հաղթողը կորոշվի քվեարկությունների համադրությամբ՝ ժյուրիի 50% և հանդիսատեսի 50% ձայնով՝ առցանց քվեարկության միջոցով։

Մրցույթին մասնակցում են արտիստներ 12 երկրներից՝ Հայաստանից, Չինաստանից, Մալայզիայից, Հարավային Կորեայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից,  Վրաստանից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից և Թուրքմենստանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment