Ես Հակոբ Կարապետյանին ծեծելու հետ որևէ կապ չունեմ․ Ավետիք Բաբայան


«Վերջին ժամանակներում Հակոբ Կարապետյանը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում ինձ մեղադրում է իրեն ծեծելու, կամ ծեծը պատվիրելու մեջ։ Ուզում եմ ձեզ հրապարակային ասել, որ էդ ամեն ինչի հետ որևիցե կապ չունեմ»,-հրավիրված ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության պետի ժ/պ Ավետիք Բաբայանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

Մինչ այդ, սկսելով ասուլիսը, Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, թե Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ցանկացած տեսակի բռնությունը՝ մասնագիտական գործողություններ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Ավետիք Բաբայանը և Հակոբ Կարապետյանը հեռախոսով և հաղորդագրություններով հայհոյանքներ են փոխանակվեն, որից հետո վերջինս ենթարկվել է ծեծի։

Բաբայանը հայտնեց, որ Կարապետյանի ծեծի գործով հարցաքննվել է Քննչական կոմիտեում, ունի վկայի դատավարական կարգավիճակ։

 «Հուսանք, որ շատ շուտով իրավապահ մարմիններն այս ամենի պատասխանը կտան և այն լրատվականները և անձինք, ովքեր, լսելով մեկ անձի,  փորձեցին ինձ մեղադրանքներ ներկայացնել, ժամանակի ընթացքում կտարածեն նաև այդ հերքումները»,- հայտարարեց քաղաքապետարանի պաշտոնյան

Անդրադառնալով Հակոբ Կարապետյանի հայտարարությանը՝ Բաբայանը նշեց. «Քաղաքացուն պատասխանել եմ այն կոնտեկստում, որով ինձ դիմել է, որից հետո ստացել եմ հայհոյանքների տարափ»։

 Ավետիք Բաբայանը հայտնեց, որ հաղորդագրություններով  շփվելուց հետո այլևս չի արձագանքել Հակոբ Կարապետյանին, բայց վերջինս երկու օր հետո զանգարել է իր աշխատանքի վայր և իր հեռախոսահամարն է պահանջել։

Նրա խոսքով՝ մտածելով, որ իր հանդեպ քաղաքական պատվեր է կատարվում, չի պատասխանել, ինչից հետո հայհոյանքներով 10-15 հաղորդագրություն է եկել և ինքը պակ է հաստատել Կարապետյանի հետ, բայց նա, լսելով իր ձայնը, անջատել է հեռախոսը։

«Մենք բռնությունը, այո, դատապարտում ենք, անկախ ամեն ինչից և արդար քննադատությունը մեր համար ընդունելի է»,- ասաց Ավետիք Բաբայանը։

Leave a Comment