Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հերքեց Երևանի քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանի տարածած պնդումները, թե նա անձնական նամակով հայհոյել է Կարապետյանին կամ որևէ կապ ունի նրա նկատմամբ բռնության հետ։
«Ես Հակոբ Կարապետյանի ծեծի հետ որևէ կապ չունեմ։ Քննչական կոմիտեում հարցաքննվել եմ և ունեմ վկայի դատավարական կարգավիճակ։ Կարծում եմ` շուտով իրավապահ մարմինները պատասխանները կտան։ Հուսամ՝ այն լրատվամիջոցներն ու անձինք, որոնք փորձեցին միակողմանի մեղադրանքներ ներկայացնել, ժամանակի ընթացքում կտրամադրեն նաև հերքումները»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ ինքը չի ընդունում Կարապետյանի պնդումները, թե մեսսենջերում հայհոյել է նրան։ «Քաղաքացուն ես պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ հեռախոսահամարը՝ հասկանալու, թե ինչպես կարող է անծանոթ մարդը նման բան անել։ Նորից եմ ստացել հայհոյանքների տարափ։ Հետո նա անգամ զանգել է իմ աշխատավայր, փորձել է կապ հաստատել, իսկ երբ չեմ պատասխանել, մեսսենջերի միջոցով 10-15 նամակ է ուղարկել իմ ազգականներին, ընկերներին և աշխատակիցներին՝ կրկին հայհոյանքներով», -նշեց Բաբայանը։
Բաբայանը հավելեց, որ ընթացողը դիտարկում է որպես քաղաքական պատվեր, և հենց այդ պատճառով է փորձել զերծ մնալ հետագա շփումից։ «Ես Հակոբ Կարապետյանին երբևէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։ Մենք բռնությունը դատապարտում ենք և ընդունում արդար քննադատությունը, բայց դա չի նշանակում, որ մարդը, լինելով նախկինում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, իրավունք ունի սեռական բնույթի և այլ վիրավորանքներ տեղալ», — ասաց նա։
Բաբայանի փաստաբանը նշեց, որ դիտարկվում է դատարան դիմելու հարցը՝ «անբարեխիղճ ձևով այդ հայտարարությունները տարածելու և վերարտադրելու համար»։ Վերջնական որոշումը, ըստ նրա, կհրապարակվի առաջիկա օրերին։