«Հակոբ Կարապետյանը ԶԼՄ-երին տված տարբեր հարցազրույցներում ինձ մեղադրում է իր նկատմամբ ծեծ պատվիրելու մեջ, բայց ցանկանում եմ հրապարակային ասել, որ այդ ամեն ինչի հետ որևէ կապ չունեմ»,– հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետ Բաբայանը՝ ընդգծելով, որ հարցաքննվել է Քննչական կոմիտեում և ունի վկայի կարգավիճակ։ Նա նաև նշել է, որ ինքը Հակոբ Կարապետյանին ընդհանրապես չի տեսել, նրան չի ճանաչում։ «Մենք բռնությունը դատապարտում ենք»,– ասել է նա։
Անդրադառնալով նամակագրությունների բովանդակությանը՝ Բաբայանը նշել է, որ քաղաքացուն պատասխանել է այն կոնտեքստով, որով իրեն վիրավորել են․ «Անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն խնդրել եմ իր հեռախոսահամարը՝ հասկանալով, թե ոնց կարող է դիմացինին չճանաչելով հայհոյանքներ տեղալ։ Նորից եմ ստացել հայհոյանքների տարափ, որից հետո դադարեցրել եմ շփումը»,– ասել է նա և հավելել, որ իր հեռախոսահամարը փոխանցվել է, որպեսզի Բաբայանը կապվի նրա հետ, սակայն, հասկանալով, որ գործ ունի քաղաքական պատվերի հետ, փորձել է զերծ մնալ ու չի զանգահարել։
«Որից հետո, տեսնելով, որ չեմ զանգում, մեսենջեր հավելվածի միջոցով 10–15 նամակագրություն է ուղարկում, հայհոյանքների տարափ է գալիս։ Այդ դեպքում միայն զանգում եմ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Մարդը, լսելով իմ ձայնը, հասկանում է, որ ես եմ, և անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվում է»։
Անդրադառնալով իր արձակուրդ մեկնելուն՝ նա պարզաբանել է, որ դա մի կողմից պայմանավորված է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, մյուս կողմից՝ շահարկումներից խուսափելու ցանկությամբ. «Որ չասեն, թե նախաքննությանը կարող եմ խանգարել, դրա համար գնացի արձակուրդ, մինչև իրականությունը պարզվի»։ Նա ասել է, որ իր հետագա պաշտոնավարման հարցը հետո պարզ կդառնա։
Նա նաև նշել է. «Իմ ներքին համոզմամբ, սա որ քաղաքական պատվեր է, քանի որ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը շարունակեց Հայկ Մարությանը։ Պարոն Մարությանին Հակոբ Կարապետյանը ևս ստե՞լ էր, թե՞ նա իրականությունն իմանալով ամպագոռգոռ հայտարարություններն արեց»։
Հիշեցնենք՝ լրագրող, Երևանի նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել է հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, ապա հաջորդել է նրա վրա հարձակումը։
