Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ՀԷՑ» ընկերության գործունեության իր ծրագրերի մասին՝ նրա կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո։ Նա այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ի գործունեության երկու սցենար։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը կպահպահպանի «կառավարության ռազմավարական ներկայությունը»։
«Սցենար մեկ՝ ՀԷՑ-ն ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական, և սցենար թիվ երկու՝ ՀԷՑ-ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Այս բոլոր դեպքերում ՀՀ-ն կպահպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայություն»,- ասել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ երկրորդ սցենարը կշարունակվի միայն այն դեպքում, եթե պարզ դառնա, որ առաջին սցենարի ծախսերը անհամաչափ բարձր են պետական բյուջեի համար։
Վարչապետը վերահաստատել է, որ ՀԷՑ-ի պետականացման հարցն «անկասելի է»։ Նա շեշտել է, որ ընկերության ստուգումների ընթացքում արդեն բացահայտված «խարդախությունները» բավարար են՝ արձանագրելու իշխանությունների մտահոգությունները նախկին կառավարման վերաբերյալ։ Նա նաև կարծում է, որ Հայաստանում «անորակ» էլեկտրաէներգիայի մատակարարման դեպքերը ընդդիմադիր ուժերի կողմից օգտագործվել են որպես գործիք՝ հանրային դժգոհություն հրահրելու և մարդկանց կառավարության դեմ տրամադրելու համար։
«Մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք, Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում, և ոչ մի թիզ ավել, ՀՀ-ն ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք փաթաթեք, մենք գնում ենք, նրանք, ում մտքով նման բան կանցնի, ՀՀ-ն նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում, այնպես որ ՀՀ-ի համը բերանները մնա», – հավելել է նա։
Փաշինյանը նշել է, որ «թավշյա մոդելը» միշտ չէ, որ արդյունավետ է, և այդ պատճառով էլ կիրառվել են «վիրահատական միջոցներ»։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
