Աֆղանստանը չի ընդունի այլ երկրների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ներկայությունն իր տարածքում

Աֆղանստանը չի ընդունի այլ երկրների, այդ թվում...

Աֆղանստանը չի ընդունի այլ երկրների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ներկայությունն իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Զաքիր Ջալալին, որի խոսքը մեջբերում է Pajhwok գործակալությունը։

«Իր պատմության ամբողջ ընթացքում Աֆղանստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժել (այլ երկրների) ռազմական ներկայությունը, և դրա հնարավորությունը կտրականապես մերժվել է Դոհայի բանակցությունների և (խմբ.՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Աֆղանստանի տարածքից բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ) համաձայնագրի ստորագրման ընթացքում», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նախկին ամերիկյան Բագրամի ավիաբազան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։

Պաշտոնյան ընդգծել է, որ Աֆղանստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության՝ հավելելով, որ այն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի և երկու երկրների ընդհանուր շահերի վրա։ 

Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայում վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է վերադարձնել վերահսկողությունն Աֆղանստանի Բագրամի ավիաբազայի նկատմամբ։ 2001-ից մինչև 2021 թվականը Բագրամի օդանավակայանը ծառայել է որպես Աֆղանստանում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի խոշորագույն բազա: 2021 թվականի հուլիսի 1-ին ամերիկացիները հեռացել են ավիաբազայից, իսկ օգոստոսի 15-ին այն անցել է ​​«Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ:

Leave a Comment