Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ 8-ով աճել են սպանության փորձերը, բնակարանային գողությունները նվազել են 44 դեպքով։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նման տվյալներ են ներկայացվել Արփինե Սարգսյանին ՔՈԳՎ Ծանր հանցագործությունների դեմ պայքարի ու Հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ հանդիպման ժամանակ։
Հաշվետու ժամանակահատվածում, ըստ օպերատիվ ամփոփագրերի, արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ ՔՈ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող ընդհանուր 45 անձից բաղկացած 19 խումբ։
Բացահայտվել է նրանց կողմից կատարված բնակարանային 75 գողություն։ Արձանագրվել է քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։ Այս տարվա 8 ամիսներին հայտնաբերվել է 1804 հետախուզվող, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերել է սեռական, 12-ն՝ աշխատանքային շահագործմանը։
ՆԳ նախարարությունից մանրամասնում են, որ իրական սպանությունների թվում ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։