Հայաստանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին, Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։
«Կարծում եմ՝ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ։ Միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։
Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետներն ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
