
Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են։
Ինչպես հաղորդում է Report-ը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին հայտարարել է Մադրիդում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք համաձայն չենք այս գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու հարցում», – ասել է կանցլերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (Իսրայելի գործողությունները – խմբ.) անհամաչափ է», – հավելել է նա։
Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը «այս կերպ չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը։ «Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը», – ընդգծել է կանցլերը։
Մերցը նաև կրկնել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս քննարկման թեմա չէ»։
Կանցլերը խոստովանել է, որ Բեռլինի դիրքորոշումը մասամբ կապված է Գերմանիայի պատմության հետ։ «Մեկ բան նույնպես պարզ է. Իսրայելի կառավարության քննադատությունը պետք է հնարավոր լինի, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն օգտագործվի հրեաների նկատմամբ ատելություն հրահրելու համար»,- հայտարարեց նա։