44-օրյա պատերազմում զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես մեղադրում եմ։
Ու մեղադրում եմ ուղիղ, անվարան, անունով։
Ո՛չ, ես միայն այսօրվա իշխանություններին չեմ մեղադրում։
Նրանք վաղուց մոռացել են՝ ինչ է խիղճը, ինչ է սգալը, ինչ է տղերքի հիշատակը։
Նրանք Սեպտեմբերի 13-ին, 19-ին, 27-ին կազմակերպում են փառատոններ, փարթիներ, ֆեստիվարներ ուրախ միջոցառումներ այն օրերին, երբ երկինքը մթնում է, երբ հողը հիշում է արյան հոտը։
Բայց ամենածանր մեղադրանքը ես ուղղում եմ ձեզ՝ սևազգեստ մայրերին։
Այո՛, հենց ձեզ։
Ձեզ, ովքեր ձեր որդիների գերեզմաններին աղոթք չեք հասցրել անել մեկ տարուց ավելի, բայց արդեն ժամանակ գտաք Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին մասնակցելու։
Ձեզ, ովքեր թևերը վեր բարձրացրեցիք ու պարեցիք «Հրաչիկ Վաչիկ» երգի տակ՝
այնինչ ձեր որդին այդ պահին հողի տակ էր։
Դուք՝ պարահրապարակում։ Նա՝ Եռաբլուրում պանթեոնում ։
Ո՞նց կարողացաք։
Ո՞նց կարողացաք սևը փոխել սպիտակի հետ՝ առանց հիշողության, առանց պայքարի։
Ո՞նց հասաք այնտեղ, ուր ձեր որդու արյունը ձեզ հետ չպահեց։
Ո՞նց նստեցիք, խմեցիք, պարեցիք, ժպտացիք՝ երբ նրանց սպանած գործիչների ձեռքով է այդ ամենը կազմակերպված։
Սա սուգ չէ։ Սա հիշողության խեղում է։ Սա ցավի դավաճանություն է։
Ու հենց դրա համար էլ իշխանությունը այսօր ասում է՝
«Տղերքը վերևից ուրախանում են»։
Ո՛չ։ Տղերքը վերևից նայում են ու խռովում են։
Նայում են ու զզվում։
Նայում են ու հասկանում, որ իրենց մահը մոռացվել է մեկ փարթիի գնով։
Ես չեմ մոռացել ու իմ նման շատ մայրեր։
Ես լուռ չեմ։
Ես չեմ պարելու, երբ հերոսները փշրված են։
Ես չեմ հաշտվելու, երբ հիշողությունը ոտնահարվում է պետական մակարդակով։
Եվ ես չեմ ների։
Ձեր լռության, ձեր մասնակցության, ձեր համակերպման պատճառով
Սեպտեմբերի 13, 19, 27 օրերին սգո օր հայտարարելու փոխարեն փառատոններ են անցկացվում։
Միջոցառումներ։ Ֆեստիվալներ։ Երաժշտություն։ Ուրախություն՝ արյան վրա։
Ես չեմ ների- Ո՛չ իշխանությանը։ Ո՛չ լուռ հասարակությանը։ Ո՛չ ձեզ՝ սևը սպիտակի փոխած մայրեր, որովհետև եթե հիշողությունը մեռավ, ուրեմն զոհերն էլ մեռան իզուր։
Եվ ես դա թույլ չեմ տալու։ Ես վրեժով եմ ապրում ։ Ես չեմ մոռանում։ Եվ ես մեղադրում եմ։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՅԴ ՕՐԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍԳՈ ՕՐԵՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»