Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնի մինչև նոյեմբերի 1-ը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի տվյալներով՝ մոտ 92 հազար քաղաքացի արդեն ներկայացրել է հայտարարագիրը։ Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից փորձել է ճշտել, թե արդյոք ներկայացրե՞լ են իրենց եկամուտների հայտարարագրերը, ինչպե՞ս են գնահատում գործընթացը:
Հարցման մասնակիցների մեծ մասը կամ տեղյակ չէր հայտարարագիրը լրացնելու պարտավորությունից կամ պատասխանել է՝ չաշխատելու պատճառով լրացնելու անհրաժեշտություն չունեն։
«Ոչ, չեմ հայտարարագրելու, ինձ թվում է՝ տուգանքի պահը մի քիչ մեղմ կմոտենան՝ կապված մեր եկամուտների հետ», – ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Դրա հետ մեկտեղ, քաղաքացիները նշում են, որ սուր սոցիալական անարդարության պայմաններում է հայտարարագրիր լրացնելու պարտականությունը դրվել մարդկանց վրա։
«Երկրում սոցիալական անարդարություն կա, արժանապատիվ աշխատանք չկա, ի՞նչ եկամուտ, հո մենք հարկահավաք չենք։ Ես այս ամենի հետ համաձայն չեմ, կոռուպցիայի մեջ ապրում ենք, բան չի փոխվել», – հավելեց քաղաքացին։
Հարցման մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչի համար պետք է իր եկամուտը հայտարարագրի, քանի որ ինքը հասարակ աշխատող է: «Ես ԱՁ չեմ, կամ այլ աշխատանքով չեմ զբաղվում, ի՞նչը հայտարարագրեմ՝ իմ ամսական աշխատավա՞րձը»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ հայտարարագիրը լրացրել է, ստացել փոխհատուցում, սակայն այդ գործընթացը բավականին դժվար էր։
«Հայտարարագրել եմ, որովհետև պետությունն ինձ 100 հազար դրամ փոխհատուցել է իմ անցած տարվա վճարած ուսման վարձի համար։ Հաշվապահի օգնությամբ եմ արել, թե չէ իրականում դժվար է։ Սովորական մարդու համար անհասկանալի կլինի հայտարարագիր լրացնելը»,- ասաց նա։
Նշենք, որ հարցվածների մեջ կային քաղաքացիներ, որոնք ընդգծեցին, որ հայտարարագիր չեն պատրաստվում ներկայացնել։
«Մենք չենք պատրաստվում մեր եկամուտները հայտարարագրել»,- ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
