ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն
Քոսյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով պետական կնիքների վրայից Արարատի պատկերը
հանելու որոշմանը՝ կարծիք հայտնեց, թե բնական է, որ Հայաստանում կամ սփյուռքում ապրող
հայերը անհանգստություն ունեն: «Կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելը համընկնում է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների
հետ, դա բնական անհանգստություն է պատճառել։ Կա նաև շատ անկանխատեսելի ու կրկնվող շահարկում՝
վերցնում են մի չնչին բան, դարձնում մի մեծ
պատմություն, ու որոշ ժամանակ դա իրենց տալիս է շահարկելու տեղիք։ Միայն վերջերս
էր Ծիծեռնակաբերդի վերանորոգումը դարձել ազգային հարց, հիմա էլ կնիքի վրայից Արարատի
պատկերի վերացումը։ Սփյուռքում կա Դաշնակցություն, որն էլ ավելի է այդ հարցը ծայրահեղացնում։
Իհարկե, Արարատը մեր ինքնության մասն է, բայց մի փոքրիկ կնիք, շատերը նույնիսկ չէին
էլ նկատել, որ այդ կնիքի վրա Արարատի պատկեր կա… պետք է ամեն ինչ իր
կոնտեքստում տեսնել»,- ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ապաքաղաքական հասարակությունն առողջ
բանավեճերի միջոցով պետք է որոշի, թե որոնք են մեր «կարմիր գծերը»: «Անձամբ ես գտնում եմ,
որ կա քաղաքական ժեստ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այսինքն՝
ցույց տալ, որ կա ազգայնական արտահայտությունների մեղմացում. սա ընդամենը դիվանագիտություն
է։ Ոչ մեկը չի կարող էական փոփոխություններ մտցնել մեր ազգային ինքնության մեջ»,- նկատեց նա։
Քոսյանի խոսքով՝ կա դիվանագիտություն, քաղաքականություն ու ճկունություն,
և պահի ազդեցության տակ պետք է որոշակի փոփոխություններ կատարես՝ կանխելու բացասական
հետևանքները: «Իսկ եթե կարծր դիրքորոշում ունես, արդյունքում կկորցնես ավելին,
իսկ մի փոքր զիջելով այդ կորուստները կարող էիր չունենալ։ Մեզ հնարավորություն է տրված
հասունանալու՝ որպես անկախ պետություն, և որպես անհատ անձինք՝ մեր պետական մտածողությունն
ավելի զարգացնելու ու հասունացնելու։ Իհարկե, դա պետք է իր սահմաններն ունենա, ու այդտեղ
էլ լինեն «կարմիր գծեր»։ Օրինակ՝ Ադրբեջանը հարյուր տարվա մեջ երեք անգամ այբուբեն
է փոխել, մենք այդ ազգը չենք, մեր խորը ազգային արժեքները հեշտությամբ չենք զիջի, եթե
նույնիսկ մեզ պարտադրեն։ Այն մեղադրանքները, թե դա մեզնից Թուրքիան
է պահանջել, պարզապես ծիծաղելի են։ Թուրքիային կարելի է մեղադրել շատ բաներում, բայց ոչ անլրջության մեջ»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան