Երևանում գործող դեղատան աշխատակիցը հայտնել է, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Երևանի դեղատներից մեկում 37-ամյա Աբովյանի բնակչուհին 50.000 հուշանվեր թղթադրամով դեղորայք է գնել։
Հուշանվեր թղթադրամ իրացնողին Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ տեղեկացմամբ, սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Սարկավագի փողոցում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով:
Դեղատուն մեկնած Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.50-ի սահմաններում անհայտ անձը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, ինչի դիմաց վճարելով 50.000 հուշանվեր թղթադրամով և ստացել է 38.000 դրամ մանր:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամն իրացրել է Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին:
Նա սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել է։
37-ամյա կինը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն։