ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն Արցախի հայերի, գերիների վերադարձին առնչվող փոփոխություն է ընդունել

Քաղաքականություն

18.09.2025 | 16:10

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Պետքարտուղարության լիազորությունների մասին օրենսդրական փոփոխությունը։ Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):

Նշվում է, որ այն ներկայացրել է կոնգրեսական Գեյբ Ամոն։ Փոփոխությունը ներառում է հայ բանտարկյալների ազատ արձակման, Արցախի հայերի անվտանգ վերադարձի և հայկական մշակութային վայրերի պաշտպանության հարցեր։

Բացի այդ, հանձնաժողովն ընդունել է Պետքարտուղարության լիազորությունների մասին օրենքի մեկ այլ փոփոխություն, որը ներկայացրել է կոնգրեսական Դինա Տիտուսը։ Այն պահանջում է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ռուսական C-400 համակարգերի տեղակայման վերաբերյալ ամբողջական զեկույցի պատրաստում:

Փոփոխությունն ընդգծում է Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների տեղակայման հետևանքով առաջացող ազգային անվտանգության շարունակական ռիսկերը, Թուրքիայի աճող շեղումը ՆԱՏՕ-ի չափանիշներից, այդ թվում՝ դաշնակից ուժերի հետ միասին գործելու նրա կարողությունը՝ օգտագործելով F-35-ի նման առաջադեմ համակարգեր, գնահատում է ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցների արդյունավետությունը Թուրքիայի պաշտպանական ոլորտի նկատմամբ, կոչ է անում ավելի մեծ թափանցիկության՝ Ռուսաստանի ռազմական և հետախուզական ծառայությունների հետ Թուրքիայի համագործակցության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment