Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․
«Հայաստանը հրաժարվո՞ւմ է ատոմակայանից, թե՞ հերթական բանալ PR-ը: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ վերջին յոթ տարում կառուցել են երկու ատոմակայան՝ առանց հնչեղ խոսքերի, լուռ աշխատելով:
Լսողը կմտածի, որ բաց է թողել Հայաստանի համար պատմական շինարարությունները, փորձելով հասկանալ, թե որտեղ է կառուցված երկու նոր ատոմակայանը: Բայց կպարզի, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը խոսում է արևային կայանների մասին, որոնց համախառն ծավալը՝ ամբողջ Հայաստանում կառուցված կայանների համախառն արտադրրական հզորությունը հավասար է Մեծամորի ատոմակայանի կրկնակիին:
Ահաև «թվաբանական խնդրի» պատասխանը:
Սա կարող է առաջին հայացքից թողնել ընդամենը քարոզչական հերթական հնարքի տպավորություն, որովհետև, օրինակ իքս ծավալով կամ իքս հատ արևային կայան արտահայտությունը ականջի համար նույնքան ազդեցիկ չէ, որքան՝ «երկու ատոմակայան» արտահայտությունը:
Սակայն այստեղ թերևս ուշադրություն է պահանջում ևս մի ասպեկտ, էական, ռազմավարական պետական նշանակություն ունեցող ասպեկտ: Հայաստանի գործող ատոմակայանի հարցում հայտնի են օրինակ ԵՄ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի դիրքորոշումները: Նրանք ուզում են, որ Հայաստանի ատոմակայանը փակվի: Իհարկե գուցե մոտիվները շատ նույնական չեն, թեև տեղավորվում են ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում: ԱՄՆ-ն էլ, Հայաստանի առաջարկելով մոդուլային ատոմակայաններ, թերևս նպատակ ունի այդպիսով գտնել ավելի մեծ ատոմակայանից ազատվելու ձևը:
Որովհետև, իրենց աշխարհաքաղաքական և անվտանգային ներուժով, մոդուլային ատոմակայանները գրեթե զրո են, ընդամենը «միջուկային խոշոր գեներատորի» տրամաբանությամբ: Ընդ որում, ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան դեռևս պիլոտային ռեժիմում է: Բայց, գլխավոր հարցը այն է, որ մոդուլային կայանները չեն կարող իրենց աշխարհաքաղաքական ու անվտանգային կշռով ու նշանակությամբ համեմատվել այնպիսի միջուկային հզորության հետ, ինչպիսին օրինակ Մեծամորն է:
Այդպիսով, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի համեմատության մեջ «թաքնված» լինել «զարգացման պատրաստվող» միտքը, թե Հայաստանը արևային էներգետիկայում ապահովել է երկու ատոմակայանի հզորություն և հետևաբար այլևս որևէ կերպ հրատապ չէ ատոմակայան ունենալը: Այս հարցը առնվազն առաջանում է, հաշվի առնելով Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի մոտեցումները:
Եթե նրանք այդքան «զգայուն» ու «հետևողական» են կնիքի վրա Արարատ լեռան պատկերի հարցում, կարող եք պատկերացնել, թե որքան հետևողական կլինի Հայաստանը միջուկային էներգիա և դրանից բխող համարժեք աշխարհաքաղաքական կշիռ ու անվտանգային կառուցվածք ունենալու հարցում:
Որևէ կերպ բացառելի չէ, որ վաղը չի սկսի արևմտյան ֆինանսավորմամբ փորձագիտական խմբերի արշավ, որոնք կհիմնավորեն, որ ատոմակայանը Հայաստանի համար գլխացավանք է, որ վտանգ է, որ միջուկային թափոնների կառավարման հարց կա, և իհարկե կա Ռուսաստանի ազդեցության հարց, ու այդ ամենից Հայաստանը պետք է ազատվի փաթեթով:
Եթե կարող են գտնվել մարդիկ, որոնք կհիմնավորեն Արցախի կորուստը, որոնք կհիմնավորեն հայկական պետականության և ազգային ինքնության ապամոնտաժումը, մի ատոմակայանի փակումն ու նոր ատոմակայան կառուցելուց հրաժարվելն ի՞նչ է, որ չհիմնավորեն»: