Փարիզում կայացել են Հայաստան–Ֆրանսիա քաղաքական խորհրդակցություններ․ երկու երկրները քննարկում են փոխգործակցության ամրապնդումն առանցքային ոլորտներում

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները

Փարիզում կայացել են Հայաստան–Ֆրանսիա քաղաքական խորհրդակցություններ․ երկու երկրները քննարկում են փոխգործակցության ամրապնդումն առանցքային ոլորտներում


ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 16-ին Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ, հաղորդում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։ 


Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը: Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաև երկու երկրների համար զգայուն և առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:


Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դրական դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու հարցում:


Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։ 


Կողմերը քննարկել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման համատեքստում համագործակցության հնարավորությունները: 


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային առավել ուշագրավ թեմաների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: 

Leave a Comment