
Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը՝ որպես քաղաքի կայուն զարգացման ռազմավարական ուղեցույց։ Ծրագիրը օգոստոսի 14-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ ներկայացվածի լրամշակված տարբերակն է, որում հաշվի են առնվել խմբակցությունների առաջարկությունները:
2025-2029 թվականների ընթացքում Գյումրիի զարգացման հիմնական ուղղությունները լինելու են համայնքային կառավարման համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառումը, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների արդիականացումը, բնակարանային խնդիրների լուծման շարունակական քաղաքականության իրականացումը, տնտեսական ակտիվության խթանումը՝ նոր ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմամբ, սոցիալական ծառայությունների և հանրային պաշարների ավելի լայն հասանելիություն, կրթական, մշակութային, մարզական և առողջապահական համակարգերի զարգացումը և այլն։
Ծրագրում առաջնային է նաև բնապահպանական կայունության ապահովումը, աղետների ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև միջազգային համագործակցությունների ընդլայնումը։
Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրն ընդունվեց 18 կողմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ձեռնպահ են քվեարկել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։