Թրամփը 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ զրպարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ դատական ​​հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ՝ պարբերականն անվանելով «արմատական ​​ձախակողմյան Դեմոկրատական ​​կուսակցության վիրտուալ խոսափող», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«The New York Times-ը տասնամյակներ շարունակ ստեր է տարածել ձեր սիրելի նախագահի (իմ), իմ ընտանիքի, իմ բիզնեսի, «Ամերիկան առաջին հերթին» շարժման, MAGA-ի և մեր երկրի մասին»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Նա նաև քննադատել է լրատվամիջոցի նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին աջակցելու համար՝ դա անվանելով «պատմության ընթացքում ամենախոշոր անօրինական ներդրումը նախընտրական քարոզարշավում»։

«The New York Times-ին թույլատրվել է չափազանց երկար ժամանակ ստել, զրպարտել ինձ, և դա ՀԻՄԱ դադարեցվել է»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ դատական ​​հայց է ներկայացնում Ֆլորիդայում։

Ավելի վաղ նա սպառնացել էր դատական ​​հայց ներկայացնել, ինչպես պնդվում է՝ ենթադրաբար Թրամփի կողմից ստորագրված և ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին ավելի քան 20 տարի առաջ ուղարկված շնորհավորական բացիկի հրապարակման համար։

Սպիտակ տան ղեկավարը նախկինում դատական ​​​​հայցեր է ներկայացրել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ CBS-ի և ABC-ի դեմ, որոնք հետագայում կարգավորվել են միլիոնավոր դոլարներով: Քննադատները դատական ​​​​հայցերն ընկալում են որպես մամուլի ազատության դեմ հարձակում:

Հունիսի 25-ին Կոնգրեսի առջև ելույթ ունենալով՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) հատուկ խորհրդական Քերրի Լեյքը հիշեցրել էր Թրամփի հրամանը՝ «մինչև վերջ» կրճատել այն լրատվամիջոցների ֆինանսավորումը, որոնք, իր վարչակազմի կարծիքով, կողմնակալ են և տարածում են «քարոզչություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment