Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությանն է ներկայացրել իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ պապին հրավեր է ուղղել՝ այցելելու Հայաստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կաթողիկոսը մեկնում է Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի պապի հետ։
