Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշաց...

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ, հակաարդյունավետ և կխաթարի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրան խնդրել են մեկնաբանել Իսրայելի նախարարների կոչերը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող տարածքների բռնակցման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ սա մեծ մասամբ արձագանք է աշխարհի մի քանի երկրների կողմից Պաղեստինի Պետությունը միակողմանիորեն ճանաչելու որոշմանը: Մենք նրանց զգուշացրել ենք, որ դա հակաարդյունավետ ենք համարում: Մենք իսկապես կարծում ենք, որ դա խաթարում է բանակցությունները, որովհետև ոգեշնչել է (ՀԱՄԱՍ-ին): Մենք կարծում ենք, որ դա խաթարում է տարածաշրջանում խաղաղության ապագա հեռանկարները: Մենք դա անխոհեմ ենք համարում», – ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի նախարարների նման արձագանքի մասին նախազգուշացրել է այն երկրներին, որոնք հայտարարել են Պաղեստինի պետականությունը ճանաչելու իրենց մտադրության մասին: 

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարություն հրապարակեց այն մասին, որ Լոնդոնը Պաղեստինի Պետությունը կճանաչի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված հումանիտար բեռների մատակարարումներին և չդադարեցնի իր ռազմական գործողություններն անկլավում: Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը Պաղեստինի Պետությունը կճանաչի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Նման որոշման մասին են հայտարարել նաև Կանադան, Ավստրալիան և Բելգիան։

Պաղեստինի Պետությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 148 անդամ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից: 

Leave a Comment