Դեմոկրատիա է. բա բոլորը պետք է լինեն ՔՊ-ակա՞ն. Վարդան Ղուկասյան

Դեմոկրատիա է. բա բոլորը պետք է լինեն ՔՊ-ակա՞ն։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նման հարց հնչեցրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով կառավարությանը քննադատելու իր գործելաոճին։

«Ամբողջ աշխարհում էլ այդպես է. կա իշխանություն և ընդդիմություն, ժողովուրդն ում ընտրում է, ըստ այդմ պետք է առաջնորդվեն։ Դոգմա է, որ բոլորը պետք է ՔՊ լինե՞ն։ Դեմոկրատիան այսպես է»,–ասաց նա։

Անդրադառնալով իր և իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործերին, նա նշեց՝ ինքն աշխարհում չի տեսել մի երկիր, որտեղ իշխանությունն այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։

«Զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ ժողովրդի վրա այսքան գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է։ Առողջ ուժը երկրում քարկոծվում է, պիտակներ են կպցնում։ Ում հետևից ժողովուրդ է գնում, պետության կողմից անպայման թիրախավորվում է։

Ես հասկանում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ այս տարածաշրջանում պետք է ապրի 1 մլն բնակչություն և դրանից հետո ով եկավ, նպաստեցին, որ Հայաստանում բնակչության թիվը նվազի, ոչ թե բարձրանա։ Հավանական է, որ դա դրսի ուժերն են անում։

Այսօր եթե գնաք հովիվին հարցնեք՝ հայ ժողովրդին ինչ է պետք, կասեն՝ հայ ժողովրդին պետք է զենք, պետք է ռազմական արդյունաբերություն։ Հայաստանում փամփուշտ էլ չեն արտադրում։ Ուրեմն մենք այնքան հետամնաց ենք, որ փամփո՞ւշտ էլ չենք կարողանում արտադրել։  1941 թվականին Հայաստանում արտադրել են 110 տեսակի զենք-զինամթերք։ Պատերազմի շեմին կանգնած երկիրը զենք չի արտադրում այսօր։

Զարմանում եմ, որ 30 տարի բոլորն ասում են՝ պետք է աշխատատեղերի ստեղծում, գործարաններ։ Այո՛, երկիրը պահում են գործարաններով և գյուղատնտեսությամբ։ Այսօր երկրի վարելահողերի 60 տոկոսը չի ցանվում-վարվում։

Բանկային համակարգը խայտառակ վիճակի մեջ է։ Ամբողջ աշխարհում 4 տոկոսից ավել չկա… 0,5 տոկոսով ստանում են գումարները դրսից, մի քանի ընտանիք վերցրել է իր ձեռքը, բանկերը բացել են, ժողովրդին այսպես պահում են։ Սրա վերջն ի՞նչ է»,- ասաց Վարդան ղուկասյանը։

Leave a Comment