Երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ օգոստոսին կազմելով 3.6%.ԿԲ

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ԿԲ-ից: Դրամավարկային քաղաքականության
հաղորդագրությունում  մասնավորապես ասված է.

«2025 թվականի սեպտեմբերի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝
սահմանելով 6.75%:
2025 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ օգոստոսին կազմելով 3.6%: Այդ ընթացքում 12-ամսյա
բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.7%:
2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում
պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ-ի
առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ մեծ անորոշությունը պահպանվում է: Բարձր են
մնում միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից
ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունները: Միևնույն ժամանակ,
աշխարհաքաղաքական և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածության հնարավոր աճը շարունակում է
մատակարարման շղթաների խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման ռիսկերի աղբյուր
հանդիսանալ: Ավելին՝ տարեսկզբից, հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը և նման
միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագացման ռիսկերի հիմնական աղբյուրը լինել: Այս համատեքստում,
հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման և մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման
ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ
աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:
2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ
պայմանավորված ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական
չեզոքացման ազդեցությունը: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և
ծառայությունների ճյուղերի բարձր աճը: 2024 թվականին և 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո,
2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ:
Միևնույն ժամանակ, աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների
վերաբերյալ մեծ անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս
գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են առաջարկի որոշ գործոններով:
Զուգահեռաբար՝ աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումներն աստիճանաբար
կայունանում են: Միաժամանակ, միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին
պահանջարկի վրա ընդլայնման ուղղությամբ ազդեցության ռիսկեր:
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ,
ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության
տոկոսադրույքը մինչև 6.25%:
Քննարկված ռիսկերի և առկա մեծ անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր
հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի
սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ համաշխարհային և ներքին չեզոք
տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորմա հետ,
որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս
կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման
պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման և համաշխարհային տնտեսության աճի
դանդաղման հեռանկարի վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության
տոկոսադրույքների ավելի ցածր ուղի:
Արդյունքում՝ կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ
խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի
մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ
հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»,-նշվում է հաղորդագրությունում:

Leave a Comment