Եվրամիությունը սեպտեմբերի 17-ին չի ներկայացնի հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթը, ինչպես և սպասվում էր, հրապարակումը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի և դաշինքի երկրներից մեկի պաշտոնյայի։
Նրանց խոսքով՝ սահմանափակումների 19-րդ փաթեթի հրապարակումը «չորեքշաբթի օրը այլևս չի սպասվում»։ Եվրահանձնաժողովը չի նշել նոր պատժամիջոցների պաշտոնական ներկայացման նոր հնարավոր ամսաթվեր։
Politico-ի փոխանցմամբ՝ ուշացումը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ի ուշադրությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց տեղափոխվել է Սլովակիայի և Հունգարիայի վրա ճնշում գործադրելու՝ «ռուսական նավթից կախվածությունը նվազեցնելու» համար։
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառել, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները միասին գործեն և դադարեցնեն ռուսական նավթ գնելը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսների շարունակական ներմուծումը «թուլացրել է դաշինքի բանակցային դիրքերը»։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին Չինաստանի դեմ ներմուծման մաքսատուրքեր սահմանել 50-100% չափով։ Նրա խոսքով՝ սա կօգնի վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, սակայն նման մաքսատուրքերը կարող են չեղարկվել խաղաղ կարգավորումից հետո։