Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են...

Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպից հետո: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Դա արդեն իրականացվում է: Գերմանիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան որոշել են գործողության ընդգրկույթը», – պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գերմանիայի կառավարությունը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, թե Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը կարող էր սխալի պատճառ լինել, ասել է, որ «Գերմանիայի կառավարությունը ղեկավարվում է ՆԱՏՕ-ի գնահատումներով»:

«Այդ վերլուծությունը դեռևս շարունակվում է, – նշել է նա: – Գերմանիայի կառավարությունը և ՆԱՏՕ-ն ներկայում կասկածներ չունեն անօդաչու թռչող սարքերի ռուսական ծագման վերաբերյալ»:

Սեպտեմբերի 11-ին Կոռնելիուսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ընդլայնել Լեհաստանի օդային տարածքի պարեկությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետո:

Սեպտեմբերի 10-ի առավոտյան լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է մի քանի օբյեկտների ոչնչացման մասին, որոնք նույնականացվել են որպես անօդաչու թռչող սարքեր և խախտել երկրի օդային տարածքը:  Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ գիշերը գրանցվել է օդային տարածքի շուրջ 20 խախտում: Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ն Լեհաստանի խնդրանքով գործի է դրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ դաշինքի անդամների խորհրդակցություններ սկսելու համար։

Ինչպես հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ՌԴ զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին Իվանո Ֆրանկովսկի, Խմելնիցկու, Ժիտոմիրի մարզերում, ինչպես նաև Վիննիցայում և Լվովում: Լեհաստանի տարածքում ոչնչացման թիրախներ չեն պլանավորվել: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցությունների այս թեմայով:

Leave a Comment