Համագործակցելու ենք բոլոր այն անձանց հետ, ում նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, ոչ թե իշխանափոխությունը, այլ իրապես այս իշխանությանը հեռացնելը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլ Փաշինյանին կհայհոյեն, թե չեն հայհոյի: Նիկոլ Փաշինյանին հայհոյում են նաև այն մարդիկ, ովքեր որ նեղսրտել են, որ Արցախն ավելի շուտ չի հանձնվել: Հետևաբար՝ մենք կհամագործակցենք բոլոր այն մարդկանց հետ, որոնց ծրագրերը, գաղափարները և արժեհամակարգը մոտ է մեր ծրագրերին, գաղափարներին և արժեհամակարգին», — նշել է նա:
Սարգսյանը նշել է, որ իրենք կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, այլ՝ քաղաքական գործունեությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում արդեն 100-ից ավելի կուսակցություններ գոյություն ունեն և ՀՀ քաղաքացին իրապես, կներեք բառիս համար, զզվել է կուսակցություններից և կուսակցական գործիչներից, և մեզ կուսակցությունը չի հետաքրքրում», — ասել է նա, հավելելով՝ շատ հաճախ պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները դիստանցավորվում են կուսակցություններից և չեն ցանկանում քաղաքական այդպիսի կառույցի անդամ լինել։
Նախաձեռնությունը պատրաստվում է դիտարկել բոլոր ժամանակների իրապես պրոֆեսիոնալների կենսագրությունը և փորձ կուտակած անձանց: Նաիրի Սարգսյանը նաև նշել է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է հասարակական-քաղաքական, իսկ այժմ վերափոխվել է քաղաքական-հասարակական, քանի որ քաղաքականն է լինելու առաջնահերթ, չնայած, որ հասարակական գործունեություն ևս շարունակելու են ծավալել:
«Մենք նախընտրել ենք դաշինքի ձևավորումը: Ընտրություններին մասնակցելու ձևաչափը լինելու է դաշինքը», — եզրափակել է նա։