Եթե դատական համակարգը ենթարկվում է մեզ, դու ինչո՞ւ պիտի Հունաստանում հանգստանայիր, Ռոբե՛րտ Քոչարյան. տեսանյութ


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նկատառմամբ՝ օգոստոսի 8-ից հետո ակնհայտորեն փոխվել է նաև Ադրբեջանի բառապաշարը, ինչն ուրախացնող է, քանի որ խաղաղության ճանապարհը, որով ընթանում է ՀՀ-ն, կարծես թե տեղավորվում է Ադրբեջանի շահերում ևս:

Ըստ նրա՝ ընդդիմությունը ցուգցվանգի մեջ է հայտնվել, էլ չգիտեն՝ ինչ ասել, փորձում են հասարակությանը մանիպուլացնել, սակայն հայ հանրությունը ուրախ է այս գործընթացների համար:

«Ճիշտ է, կարող է հայ ժողովուրդը փողոցներում խորովածով կամ երաժշտությամբ չի նշել օգոստոսի 8-ի փաստաթուղթը, բայց միանշանակ բոլորը հոգու խորքում հասկացել են, որ սա մեծ ճանապարհի առաջին քայլն էր, որը վաղուց սպասված էր»,- ասում է նա:

Պատգամավորը այն համոզմանն է, որ երկար տարիներ Հայաստանից մի ստվար հատված ոչ միայն արտագաղթել է այն պատճառով, որ ունեցել է հացի խնդիր, այլ նաև շատերը չեն տեսել ապագա, հեռանկար, զգացել են մոտալուտ պատերազմի վտանգ. «Սա և՛ բիզնեսի, և՛ քաղաքացիների, և՛ բոլորի համար շատ լավ հնարավորություն է՝ ՀՀ-ում տեսնելու իրենց ապագան»:

Կրկին անդրադառնալով ընդդիմության դժգոհություններին՝ Գաբրիելյանը նկատում է. «Ընդդիմությունը հայտնվել է կատարյալ ձախողված վիճակում, օգոստոսի 8-ին ֆիասկո ապրելուց հետո շարունակում է ստեր հորինել: Սարսափում են խաղաղությունից, որ ՀՀ-ն ավելի չզարգանա ու ավելի ինքնիշխան չլինի: Կարող է մի օր էլ ասեն՝ հայ սահմանապահի աթոռը ցածր է դրած, որ ադրբեջանցին մոտենա, վերևից է նայելու»:

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ իրավազորություն նշանակում է, որ գործելու են Հայաստանի օրենքները:

«Վաղուց անցել են ժամանակները, որ մի կնոջ համար երկրները պատերազմում էին, հիմա եկել է ռեսուրսների համար կռվելու ժամանակը: Բանալին փոքր դետալ է, սակայն առանց դրա դուռը չես կարող բացել, հիմա այս 42 կմ ճանապարհն է, որ մեր երկրով է անցնում, այսինքն՝ ՀՀ-ն գործոն է դառնում»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով Ղարաբաղի թեմային՝ վերջինս ասում է. «ՀՀ երեք նախկին նախագահները կարո՞ղ են քաջություն ունենալ և իրենց նախընտրական ծրագրի առաջին դրույթը գրեն՝ ուզում են գալ իշխանության, որ վերադարձնեն Արցախը, թող ժողովուրդն էլ ընտրություն կատարի, թե չէ մնացածը կենացներ են: Իրենք երբեք սա չեն անի, որովհետև վախենում են: Իշխանությունը հստակ ասել է, թե ինչ ճանապարհով է գնում»:

Մեկնաբանելով այն պնդումները, թե սահմանները բացվելու պարագայում Թուրքիան Հայաստանին «կկլանի»՝ պատգամավորն ասում է. «Սահմանները բաց կլինի թե փակ, ՀՀ-ի հետ եթե Թուրքիան հարևան էլ չլիներ և ուզենար մեզ ուտել, կաներ դա: Ըստ ընդդիմության՝ ստացվում է, որ Թուրքիայի նախագահը հայ ժողովրդի լավագույն բարեկամն է, որ չի ուզում սահմանները բացել ու մեզ ուտել, քանի որ Թուրքիան է ՀՀ-ի հետ փակել սահմանը»:

Գաբրիելյանն ասում է՝ Հայաստանը հնարավոր չէ տանել դնել Լուսնի վրա, պետք է հասկանանք, թե մեր որ հարևանը ինչու է ուզում, այսպես ասած, մեզ «ուտել» ու կառավարենք ռիսկերը. «Մեզ տարիներով ներարկել են, թե սահմանը բացեք, ձեզ կուտեն: Սա անընդհատ փրկիչներ գտնելու համար են արել: Սարսափում են, որ ՀՀ-ն սկսել է ինքնուրույն որոշումներ կայացնել»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի հասկանում՝ իրեն ինչու են դատում՝ զրուցակիցն ասում է. «Եթե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ուղիղ պարտականությունն էր ի պաշտոնե մարդկանց գնդակահարել, երկիրը թալանել, ստեղծել ընտրակեղծարարության բանդաներ, ապա սրա համար նրանց պետք է դատել: Սա, իհարկե, սարկազմով եմ ասում: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հստակ մեղադրանքով: Իսկ եթե ըստ նրանց՝ դատական համակարգը ենթարկվում է մեզ, ապա դու ի՞նչ գործ ունեիր Հունաստանում հանգստանայիր, Ռոբե՛րտ Քոչարյան»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

135 դիտում

Leave a Comment