Փաշինյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության մասին հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր, տեղեկացրել է վարչապետի աշխատակազմը։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Փաշինյանը, համաձայն հաղորդագրության, ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նրա խոսքով, նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment