Նախորդ փողոցային շարժումները համակարգող, եթե չասենք` ուղիղ ղեկավարող Իշխան Սաղաթելյանն այսօր եկել, կանգնել էր լրագրողների դիմաց և դեմքի խաղաղ արտահայտությամբ պատմում էր Փաշինյանի կործանանար քաղաքականության մասին: Որ նա թշնամու կոշիկները լիզող է, որ կատարում է Էրդողանի և Ալիևի պահանջները, որ ռազմական բյուջեն չի ավելացնում, որ պատրաստվում է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել, որ նրա իշխանության ժամանակ մարդկային ու տարածքային կորուստներ ենք ունեցել և այլն:
Այն, ինչ ասում է Սաղաթելյանը, թերևս օբյեկտիվ իրականությունն է և ճիշտ է:
Իրավամբ, նախկինում Արցախի հարցում փոխզիջումը զիջում համարող Փաշինյանի, «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող Փաշինյանի կառավարմամբ Արցախում հիմա խաղաղություն է` ո՛չ հայ կա, ո՛չ կրակոց, ո՛չ պատերազմ: Թերևս այդպիսի՛ խաղաղություն է խոստանում փաշինյանական իշխանությունը: Նրա բերած «խաղաղությունը» «վայելել է» մինչև վերջին արցախցին: Ու հիմա նրա ասած «խաղաղություն» բառն արդեն սպառնալիքի է նման:
Վերադառնալով Սաղաթելյանին. ընդհանրապես, ո՞ւմ համար են խոսում քաղաքական գործքիչները. սովորաբար, յուրաքանչյուրն իր ընտրազանգվածի, գումարած, այսպես ասած, «չեզոքների», ովքեր այլ քաղաքական թիմերին ամուր հակվածություն չունեն: Պարզ է, չէ՞, որ Սաղաթելյանին, եթե դեռ կարողանում են լսել, լսում են ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, որոնց պետք չէ ցույց տալ գրիչը և ասել` իսկ դուք գիտեի՞ք, որ սա գրիչ է:
Այո, որքան էլ տարօրինակ թվա, մարդիկ, ինչպես որ տեսնում են, որ գրիչը գրիչ է, այնպես էլ տեսնում են, որ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որքան էլ դա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գրպանում դա փորձեն տեղավորել: Մարդիկ տեսնում ու հասկանում են, որ հենց Փաշինյանն է Սյունիքից միջանցք տալիս, ինչ էլ որ փոորձի դնել դրա անունը: Աչք ծակող ճշմարտությունը տեսախցիկների առաջ պատմելու կարիք չկա:
Փոխարենը կարիք կա, որ Սաղաթելյանը պատմի այդ մարդկանց, թե ինչու է Փաշինյանը շարունակում ղեկավարել իրենց, թե իրենք ի՞նչ հույսով են սպասում 2026-ի ընտրություններին ու փողոցային պայքար չեն սկսում, ասենք, հենց այսօր: Իսկ փողոցային պայքար սկսելու առիթ իշխանությունն ամեն օր է տալիս: Նույնիսկ Փաշինյանն է համարձակվում ասել, թե հեղափոխություն արեք, եթե իմ ասածներին համաձայն չեք` նկատի ունենալով իր` Արցախից հրաժարվելը: Կամ եթե ընտրություններին են սպասում, ապա ո՞րն է իրենց երաշխիքը, որ, մոտավոր ձևակերպմամբ, Հայաստանը կործանման տանող Փաշինյանը չի վերընտրվելու ընտրություններում կամ չի «նկարելու» ընտրությունների արդյունքները:
Մարդիկ կարող են վատ կրթություն ստացած լինել, կամ «ստամոքսով մտածել», կամ կարող է նրանց դուր գալ Փաշինյանի ծուռտիկ ատամնաշարը և հազար ու մի այլ պատճառ, բայց էլիտաները հենց այն բանի համար են, որ մարդկանց առաջնորդեն դեպի ուժեղ, զարգացող պետություն, կայացնեն քաղհասարակությունը, սովորեցնեն մարդկանց բռնել իշխանության ականջից ու հենց իրենք ընդվզեն պետությունը խարխլող քայլերի դեմ:
Մեր ժողովրդի պարագայում կարծես հակառակն է` կրթված հասարակությունը խնդրում, պահանջում է ընդդիմությունից քայլեր անելու Փաշինյանին հեռացնելու ու նույնիսկ իշխանության գալու համար: Ընդդիմությունը` տարատեսակ Սաղաթելյանների դեմքով, օրուգիշեր պատմում է մարդկանց, թե որքան վատն է Նիկոլը: Էլ չենք ասում, որ դեռևս իշխանության պտուղները ճաշակողներն ԱԺ ամբիոնից կարողանում են երեսով տալ 2021-ի ընդդիմության լիդեր Ռոբերտ Քոչարյանի «մինչև քոքը մաշելու» մասին հայտարարությունն ու ծաղրել նրանց:
Նիկոլը վատն է, բայց, ինչպես անկեղծորեն խոստովանել է` կառավարությունն ինքն է: Իսկ ո՞վ է ընդդիմությունը: Ո՞վ է պատրաստ իր ուսերին տանելու Փաշինյանին հեռացնելու, իշխանությունը վերցնելու ու Հայաստանը մահաբեր «խաղաղությունից» փրկելու հեռանկարից:
Ա՛յդ պետք է պատմի Սաղաթելյանը: