Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեց։
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր։ Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր։
Բարձրագույն դատական խորհրդի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի մյուս թեկնածու Լուսինե Աբգարյանին կողմ էր քվեարկել 1 պատգամավոր, Նազելի Բաղդասարյանը ձայն չէր ստացել։
Նշենք, որ Դանիելյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատավորն է։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը՝ Դանիելյանի նախագահությամբ, 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը, սեպտեմբերի 8-ին մերժել էր գործարարի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
