Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ դա կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Ըստ նախարարի՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների («Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ») արդյունավետ օգտագործումն ընդգրկող ոլորտները պետք է ընդլայնվեն։
Նախարարը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական ոլորտում ձևավորված սերտ գործընկերության զարգացումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև օգոստոսի 19-ին ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել:
