Վարդանյան․ Փաշինյանն ԱԺ–ում էր՝ որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ

Վարդանյան․ Փաշինյանն ԱԺ–ում էր՝ որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ

11 սեպտեմբերի 2025 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ սեպտեմբերի 10–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում «ներկայացնում էր իր «ձեռքբերում» «դարակազմիկ» փաստթղթերը»:

Նա գրել է, որ «որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ»։

«Ընդդիմության քննադատները սպասում էին երկաթբետոնյա, ակնառու փաստեր, պարզ հարցերի նույնքան պարզ ու համոզիչ պատասխաններ, որով պետք է ապացուցվեր, որ Փաշինյանը բերել է այդքան ցանկալի խաղաղություն:

Այնինչ պարզվեց՝ ամեն ինչ ավելի վատ է, քան նույնիսկ մենք էինք պատկերացնում: Բացի ընդդիմադիրներին պիտակավորելուց որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ:

Պատգամավոր.

-Եթե ձեր տված ճանապարհին տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարող են միջամտել:

Փաշինյան.

-Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:

Պատգամավոր.

-Կարող եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել

Փաշինյան.

-Դուք հա՞յ եք:

Պատգամավոր.

-Ինչպես է արդեն խաղաղություն, եթե մեր հասարակությանն Ալիևն անվանում է «հիվանդ» ու պահանջում է փոխել սահմանադրությունը:

Փաշինյան.

-Դուք ողբ եք ուզում

Խոշոր հաշվով այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment