Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Կատարում ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա իսրայելական հարձակումը

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Կատարում...

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Կատարում ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա իսրայելական հարձակումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հարձակումն անվանել է բռնության անհանդուրժելի ընդլայնում և հարված Կատարի ինքնիշխանությանը։ 

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը շեշտել է, որ Դոհայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածներն անընդունելի են և խախտում են Կատարի տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խորը մտահոգություն է հայտնել Դոհայի վրա Իսրայելի հարվածների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք Կատարի ինքնիշխանության խախտում են և հետագա սրացման նախանշան են։ Նա հավելել է, որ Կատարն առանցքային դեր է խաղում Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման ջանքերում, ինչին իր երկիրը լիովին աջակցում է։

Ֆինլանդիան և Նորվեգիան Կատարի վրա Իսրայելի հարձակումը համարել են սպառնալիք դիվանագիտությանը։ Պակիստանը, Ավստրալիան և Ճապոնիան  իրենց հերթին դատապարտել են Կատարի վրա Իսրայելի հարձակումը։

Արաբական երկրները նույնպես հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ այն համարելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և վտանգավոր սրացում, որը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

Նույն համատեքստում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրավիճակի սրացումը խոչընդոտում է Գազայում խաղաղության հասնելու միջազգային ջանքերին և սպառնում է տարածաշրջանային կայունությանը։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Հորդանանը, Քուվեյթը Իսրայելի հարձակումը որակել են որպես Կատարի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ հարձակում։

Ալժիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել հարվածի առնչությամբ:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է, որ Թել Ավիվը միշտ չէ, որ գործում է ԱՄՆ շահերին համապատասխան՝ հավելելով. «Երբեմն մենք նախապես տեղեկացնում ենք Վաշինգտոնին, երբեմն՝ իրականացման ընթացքում, և, վերջին հաշվով, մենք ենք պատասխանատուն»։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։ 

Leave a Comment