«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, քննարկումների ու քննադատության առիթ է հանդիսացել խորհրդարանի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի հեռակա բանավեճը: Հետևու՞մ եք:
– Արդեն անիմաստ ու ամոթալի եմ համարում որ ասեմ, թե դատապարտում եմ այդպիսի պահվածքը, որովհետև տարիներ շարունակ տեսնում ենք նմանատիպ պահվածք ու վերաբերմունք կին պատգամավորների նկատմամբ: Կոնկրետ կին պատգամավորների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը շատ նողկալի է: Բայց այստեղ խնդիրն այն է, որ խորհրդարանում ընդհանրապես բոլորը կորցրել են թե՛ տղամարդկությունը, թե՛ կանացիությունը:
Իշխանության կին պատգամավորներն այս իրավիճակին ադեկվատ գնահատական չեն տալիս, մենք տեսնում ենք, որ կարող են երկար տեքստեր գրել՝ ճռճռան բառերով, գնալ միջազգային հարթակներ ու խոսել կանանց իրավունքների պաշտպանության մասին, բայց իրենց կողքին գտնվող կնոջը, որին վիրավորել են ամենանողկալի, քստմնելի բառերով, որևէ գնահատականի չի արժանանում: Գնահատականը պետք է տրվի հրապարակային, ինչի միջոցով էլ նման դեպքերը պետք է կանխվեն, բայց քանի որ չի հնչում այդ գնահատականը, նմանատիպ դեպքերը լինելու են շարունակական:
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են իշխող խմբակցության ներկայացուցիչները լռում:
– Որովհետև առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ մենք մեր թիմակցի հետ հարաբերություններ չենք փչացնի, երկրորդ՝ մտքում մտածում են, որ լավ է արել, արել է: Բայց այդպես չի կարելի, որովհետև դա բումերանգի էֆեկտ ունի, եթե այսօր ընդդիմադիր պատգամավորին է նման կերպ վիրավորում, վաղը եթե խնդիր ունեցան միմյանց հետ, նույն կերպ էլ կվիրավորի իրենց:
– Տիկի՛ն Սամսոնյան, ոմանք ասում են, որ Թագուհի Թովմասյանը ևս վիրավորել է Արթուր Հովհաննիսյանին՝ կապելով նրա անունը թմրանյութերի թեմայի հետ։ Տիկի՛ն Թովմասյանի առաջարկը պատգամավոր Հովհաննիսյանին ինչպե՞ս եք գնահատում:
– Ես ընդհանրապես չեմ ընդունել անձնական տարածք մտնելը, այս դեպքում ևս: Եթե որևէ մեկի նկատմամբ մեղադրանք է հնչեցվում ինչ-որ մասով, ապա պետք է լինի փաստացի հիմնավորված, եթե հիմնավորված չէ, ապա կարող է դիտվել որպես վիրավորանք և զրպարտանք, հետևաբար պետք է շատ զգույշ լինել: Բայց, միևնույն ժամանակ, ընդունելի չէ այն, որ դու քեզ վիրավորողին կարող ես պատասխանել մեկ այլ վիրավորանքով, եթե քեզ համար ընդունելի չէ, որ քեզ վիրավորում են, ապա նույն գործիքակազմը չպետք է օգտագործել նրա դեմ:
Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ոչինչ չի արդարացնում, որովհետև եթե դու քեզ հարգող տղամարդ ես, ապա պետք է հաշվի առնես, որ դիմացինդ կին է, նա ունի ընտանիք, դու պատրա՞ստ ես պատասխան տալու հասցրածդ վիրավորանքի համար: Այդ մարդիկ միևնույն տարածքում են նստում, կապ չունի, որ տարբեր խմբակցությունից են, միմյանց հարգելու, միմյանց հետ խոսելու տարրական հիգիենան պետք է պահեն:
– Ինչո՞ւ չեն պահում:
– Որովհետև այդ դահլիճում հավաքված են մարդիկ, որոնք բավականաչափ կյանքի ճանապարհ չեն անցել, որպեսզի արժանի լինեն այդ աթոռին նստել ու պատգամավոր կոչվել: Վերևից գլխներին պատգամավորի թագ է ընկել, իրենք էլ մտածում են, որ այդ աթոռն իրենց ուղեկցելու է մինչև վերջ, բայց լավ կլինի մտածեն, որ այդ աթոռը չլինելուց հետո գոնե իրենց դեմքին նայողներ լինեն, աթոռից հետո գոնե մնան իրենց նկատմամբ հարգանքն ու պատիվը:
– Հրապարակային դատապարտման բացակայության հետևանքները որո՞նք են լինելու:
– Շարունակվելու են նմանատիպ ու ավելի վատ դեպքերը, եթե սրան նախորդած դեպքերի վերաբերյալ պատշաճ արձագանք լիներ, ապա մենք սրան չէինք հասնի: Այս մարդիկ չեն հասկացել, որ չի կարելի անձնական կարմիր գծերը հատել:
– Տիկի՛ն Սամսոնյան, այդ հրապարակային դատապարտումը առաջնային կամ գլխավորապես ո՞վ պետք է անի:
– Առաջին հերթին՝ խմբակցությունը, ՔՊ-ն պետք է Արթուր Հովհաննիսյանի պահվածքի համար հրապարակային կոլեկտիվ ներողություն խնդրի Թագուհի Թովմասյանից, որպեսզի հաջորդ անգամ պատգամավորներն ինչ-որ բան ասելուց առաջ լավ մտածեն: Բայց ՔՊ-ն դա չի անելու, ես վստահ եմ, որ եղել են մարդիկ, որոնք Արթոր Հովհաննիսյանի այդ պահվածքը խրախուսել են։ Իրականությունը սա է, այս մարդիկ հասունացած չեն այն աստիճան, որ կարողանան նորմալ, մարդկային հարաբերությունների մակարդակը պահել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am