Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության վարչության պետ Ֆարիզ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել արդեն հաջորդ՝ 2026 թվականին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ երկրի տրանսպորտային համակարգի համար նախագիծն ունի ռազմավարական նշանակություն և կթույլատրի միաժամանակ ընդլայնել տարանցիկ փոխադրումները երկու հիմնական ուղղություններով՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ։ Նա նշել է, որ զուգահեռ նախագծեր իրականացվում են նաև Թուրքիայում. արդեն սկսվել է Կարս-Դիլուջու երկաթուղու 224 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել չորս տարվա ընթացքում։
Ալիևի գնահատմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնումը կբերի երկրի բեռնափոխադրումների տարեկան մինչև 15 միլիոն տոննայով աճի։
Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրապարակային ելույթում ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը՝ նշելով, որ այն մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի նշանակալի երթուղի, որը կկապի մայրցամաքները և կնպաստի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Նույն օրն Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովն արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, որ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարող է կրել նախագահ Իլհամ Ալիևի անունը։ Նա նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները դիվանագիտական խոշոր հաղթանակ էին Ադրբեջանի համար և բացել են նոր էջ ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի պատմության մեջ։
Ահմեդովի խոսքով՝ հենց Ալիևի առաջնորդությունն է ապահովել միջանցքի իրականացման միջազգային երաշխիքները, որը կդառնա կարևոր նախագիծ՝ համադրելի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ, որը կրում է Հեյդար Ալիևի անունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
