Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Apple Park-ում տեղի կունենա Apple-ի հերթական շնորհանդեսը՝ «Awe Dropping» անվանումով։ Միջոցառմանը ընկերությունը հանրությանը կներկայացնի նոր iPhone 17 սմարթֆոնները, թարմացված Apple Watch խելացի ժամացույցները, AirPods Pro 3 անլար ականջակալները և այլ նորույթներ։ Մինչ միջոցառումը, ներկայացնում ենք սպասվող հիմնական նորույթները։
iPhone 17 Air
Apple-ը կներկայացնի նոր ուլտրաբարակ iPhone 17 Air-ը, որի հաստությունը ընդամենը 5.5 մմ է, ինչը մոտ մեկ երրորդով բարակ է iPhone 16 Pro-ից։ Այս դիզայնին հասնելու համար մշակողները ստիպված են եղել զոհաբերել մարտկոցի աշխատանքի տևողությունը։ Բարակ իրանի առկայությունը նաև ստիպել է հրաժարվել երկրորդ բարձրախոսից և թողնել մեկ հիմնական տեսախցիկ:

Ակնկալվում է, որ iPhone 17 Air-ը կաշխատի Apple A19 պրոցեսորով, կունենա 6.6 դյույմ անկյունագծով էկրան, USB Type-C միակցիչ և չի ունենա ֆիզիկական SIM-քարտի բնիկ, փոխարենը կաշխատի eSIM-ով։
Փորձագետների կարծիքով՝ iPhone 17 Air-ի գինը կլինի բազային iPhone 17-ի և ավելի առաջադեմ iPhone 17 Pro-ի միջև։ Սա կարող է նվազեցնել սարքի գրավչությունը, քանի որ Pro տարբերակներն ունեն ավելի լավ տեսախցիկներ, բարձր արտադրողականություն և մարտկոցի ավելի երկար կյանք։ Բլումբերգի լրագրող Մարկ Գուրմանի կարծիքով՝ iPhone 17 Air-ը «ճիշտ ընտրություն» չի դառնա գնորդների մեծ մասի համար։
iPhone 17 Pro և Pro Max
2020 թվականից ի վեր առաջին անգամ Apple-ը կթարմացնի iPhone-ների ֆլագմանային մոդելների դիզայնը։ Apple-ը վերադարձել է ալյումինե շրջանակների օգտագործմանը, քանի որ դրանք ավելի թեթև են և ավելի արդյունավետ են ջերմությունը ցրում, քան նախորդ սերնդի ֆլագմաններում օգտագործված տիտանե շրջանակները։

Հիմնական բարելավումների թվում են Apple A19 Pro պրոցեսորը, մարտկոցի ավելի երկար աշխատանքի տևողությունը և 48 Մպ տելեֆոտո ոսպնյակը (նախորդ մոդելներում 12 Մպ էր)։ Օգտատերերը նաև հնարավորություն կստանան միաժամանակ տեսանկարահանել հիմնական և առջևի տեսախցիկներով։
iPhone 17, Apple Watch և AirPods
Բազային iPhone 17-ը կպահպանի սովորական դիզայնը, բայց կունենա 6.3 դյույմ էկրան և ProMotion տեխնոլոգիայի աջակցություն։ Apple-ը նաև կթարմացնի իր աքսեսուարների շարքը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև մի քանի նոր խելացի ժամացույցներ. Apple Watch Series 11-ը կպահպանի նախորդ մոդելի դիզայնը, սակայն կստանա ավելի պայծառ էկրան։ Watch Ultra 3-ը կունենա ավելի մեծ էկրան, S11 չիպ, 5G RedCap մոդեմ և արբանյակային կապի միջոցով հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ։ Apple Watch SE-ն կստանա թարմացված էկրան և ավելի հզոր պրոցեսոր, իսկ գինը կմնա 249 դոլար։
Մեկ այլ նորույթ կլինի AirPods Pro 3 անլար ականջակալները՝ ավելի կոմպակտ պատյանով և սրտի զարկերի չափման ներկառուցված սենսորով։ Կարևոր նորամուծություններից մեկը կլինի իրական ժամանակում խոսքի թարգմանության հնարավորությունը։
Apple-ը կարող է ներկայացնել նաև AirTag 2 թարմացված թրեքերը, նոր iPad Pro-ն Apple M5 չիպով, Vision Pro խառը իրականության ակնոցի թարմացված տարբերակը, Apple TV-ի և HomePod mini-ի նոր մոդելներ։