ԱՄՆ-ում Երևան-Բաքու համաձայնագրից հետո ոգևորված բացականչությունները փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով. Լավրով





«Մեր առաջնահերթությունները երբեք չեն փոխվել՝ խաղաղություն և համագործակցություն։ Դրանք այսօր էլ նույնն են մնում»,-ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության առաջնահերթությունների մասին։

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունն էր, որը ի դեմս նախագահ Պուտինի, նշանակալի դեր խաղաց երկրորդ ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո՝ բազմաթիվ գիշերային հեռախոսազրույցներիմիջոցով։

«Այս ամենը կարող էր շատ ավելի վաղ դադարեցվել, բայց ոչ բոլոր կողմերն էին պատրաստ դրան։ Այնուամենայնիվ, նախագահը հասավ համաձայնության, որը ստորագրվեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից 2020 թվականի նոյեմբերին։ Այնուհետև տեղի ունեցան մի շարք այլ եռակողմ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում համաձայնություններ ձեռք բերվեցին տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Ստեղծվեց երեք փոխվարչապետերի՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի մեխանիզմ՝ այս հարցը լուծելու համար։ Համաձայնեցվեցին սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման սկզբունքները։ Ի դեպ, համաձայնեցվեց նաև այնպիսի պարտավորություն, ինչպիսին է երեք երկրների հասարակական գործիչների միավորումը», -ասաց Լավրովը՝ հավելելով.«Մենք երբեք չենք հրաժարվել այդ համաձայնագրերը կատարելուց։ Այո, մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու մասին համաձայնագիրը, որը ծնվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված համաձայնագրերից, որոշվեց կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Սա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է։

Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես այն (համաձայնագիրը) կաշխատի։ Որովհետև Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված արձագանքները, այդ բացականչությունները փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվեց, այնտեղ ամեն ինչը համաձայնեցված չէ»,-ընդգծեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment