Կրետե կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Խանիայի քաղաքապետ Պանայոտիս Սիմանդիրակիսին։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունների հետ կապված հարցեր։
Քաղաքապետը ողջունեց հայ դիվանագետին` ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։ Նա նաև հիշատակեց Խանիայում առկա ոչ մեծ, սակայն ակտիվ, համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
Քաղաքապետ Սիմանդիրակիսն ներկայացրեց Խանիայում առկա կրթամշակութսյին հաստատությունների համահունական նշանակությունը և հավելեց նրանց հետ համագործակցություն նախաձեռնելու հնարավորությունը։
Իր հերթին, Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հայտնեց Հայաստանի մտադրությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես մշակութային և տնտեսական բնույթի։ Դեսպանը կարևորեց Խանիայի տարեցտարի աճող գրավչությունը հայ զբոսաշրջիկների համար` միաժամանակ ընդգծելով հույն զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցում էին Կրետեի հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և փոխքաղաքապետ Էլենի Զերվուդակին։