Գոհար Աղասյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում, ապրել Ստեփանակերտում։ Լավ հիշում է արցախյան առաջին պատերազմը, որը տարավ սիրելի մորեղբորը՝ Կիմին։ Նրա կորստի հետ, ինչպես ասում է, մինչ օրս չի համակերպվել։ Գոհարի տեսած երկրորդ մեծ պատերազմը՝ 44-օրյան, տարավ շատերին, որոնցից երբեք չի մոռանա սիրելի աշակերտին՝ Հայկ Ղուլյանին և գործընկերոջը՝ Արթուր Պետրոսյանին։
Գոհար Աղասյանն ավարտել է Արցախի պետական համալսարանի օտար լեզուների բաժինը։ 44-օրյայից հետո Արցախի մշակույթի նախարարությունում գլխավոր մասնագետ էր, եռալեզու թարգմանչուհի։ Ռուսերեն և անգլերեն էր դասավանդում դպրոցում, պարապում դիմորդների հետ։
Շրջափակման օրերից Գոհարի մտապատկերում դաջվել են հատկապես հացի հերթերը, երբ ամբողջ գիշեր հերթ կանգնելուց հետո մարդիկ հաճախ տուն էին գնում առանց հացի։ Այդ ամենի մեջ չի անտեսել նաև լավը։ Ասում է՝ մեզ երբեք այդքան համախմբված չեմ տեսել, ինչպես շրջափակման այդ ծանր օրերին։
Ծանր էր ու երբեք չի մոռանա Արցախը լքելու ճանապարհը։ «Այդ ճանապարհին անուն եմ տվել՝ դժոխքի ճանապարհ»,-ասում է Գոհարը։ Ճանապարհը բերեց Գորիս, հետո՝ Երևան։ Ընտանիքի հետ ապրում է վարձով բնակարանում, հաղթահարում արցախցիներին բաժին ընկած ամենատարբեր դժվարությունները՝ չկորցնելով լավատեսությունն ու հույսը, որ մի օր նույն ճանապարհը տանելու է դեպի Արցախ։